ԱՄՆ-ը կարող է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանել միայն իր կոնկրետ գործողությունների հիման վրա։ Այս մասին օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կդատի այս կազմակերպությանը «ոչ թե [նրա ներկայացուցիչների] հրապարակային հայտարարությունների, այլ նրանց գործողությունների հիման վրա»։ Ինչպես նշել է Միլլերը, «մինչև իր քաղաքականության մեջ որևէ փոփոխություն կատարելը», Միացյալ Նահանգները ակնկալում է «տեսնել Դամասկոսի ժամանակավոր իշխանությունների գործողությունները»։
«Մենք շատ ուշադիր հետևելու ենք դրան՝ ոչ միայն մոնիթորինգի միջոցով, այլև մասնակցելու ենք այս գործընթացին։ Մենք արդեն նախնական կապեր ենք հաստատել այդ կառույցի հետ՝ ուրվագծելու համար, թե ինչպես ենք տեսնում իրավիճակի զարգացումը և մեր կարծիքով ինչ քայլեր պետք է ձեռնարկեն»,- ասել է Միլլերը:
0Comments