ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է երկրից 1 միլիոն մարդու վտարել միգրանտների արտաքսման քաղաքականության իրականացման առաջին փուլում։ Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թրամփի խորհրդականներին։
Նրանց տեղեկատվությամբ՝ առաջնահերթ խմբում ընդգրկված են այն միգրանտները, որոնք հանցագործություններ են կատարել կամ երկրից արտաքսման վերաբերյալ վերջնական որոշում են ստացել՝ ապաստան չստանալով։
Թրամփը միգրանտների խնդիրն արդեն քննարկել է Մեքսիկայի և Սալվադորի ղեկավարների հետ։ Ինչպես գործակալությանը հայտնել են աղբյուրները, այժմ ընտրված նախագահի անցումային թիմը ոչ պաշտոնական կապուղիներով աշխատում է Մեքսիկայի և Սալվադորի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս ջանքերն ուղղված են այն բանին, որ նոր վարչակազմը կարողանա հնարավորինս արագ ձեռնամուխ լինել քաղաքական գործչի հիմնական նախընտրական խոստումներից մեկի իրագործմանը:
Ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնին անհրաժեշտ է ապահովել երրորդ երկրների համաձայնությունը միգրանտներին ընդունելու համար, որովհետև նրանց զգալի մասն ունի այն երկրների քաղաքացիություն, որոնց հետ ԱՄՆ-ն վատ հարաբերություններ ունի. դրանք են Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան։
Մեխիկոյում արդեն հայտարարել են, որ պատրաստ են միայն սեփական քաղաքացիներին ընդունել ԱՄՆ-ից արտաքսման դեպքում։
Ավելի վաղ Թրամփը հրապարակային ելույթներում քանիցս ասել է, որ իր երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել Ամերիկայի պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը։ Միգրացիոն ճգնաժամը դարձել է ԱՄՆ-ի նախընտրական պայքարի առանցքային հարցերից մեկը։ ԱՄՆ գործող նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը պետության ղեկավարի լիազորությունները Թրամփին կփոխանցի 2025 թվականի հունվարի 20-ին։
0Comments