«Ժողովուրդ». Ի՞նչ գործով են դատարան կանչում Նիկոլ Փաշինյանի թիկնապահին

Մանրամասներ
4

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին դատարանը ծանուցում է ուղարկել, որպեսզի վերջինս ներկայանա` ցուցմունք տալու։ Իսկ ինչ քրեական գործով են նրան դատարան կանչում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը Երեւան քաղաքի դատարանում է, եւ այն քննելու է դատավոր Արման Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել, եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:

Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով, ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։

Արդյունքում, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու հիմքով, Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան»։ Եվ ահա, գործով վկաներից մեկը Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանն է, որին էլ կանչել են դատարան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում