Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ»

Մանրամասներ
քպ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ՄԱԿ ամբիոնից այլ երկրների ղեկավարները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու Արցախի հազարավոր խնդիրների մասին խոսելու փոխարեն, գովազդել է իր կուսակցությունն ու ասել, թե իր շնորհիվ մեր տարածաշրջանում այսօր լավատեսություն է նկատվում, եւ «ապագա կա»:

«Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա: Հիմա այդպես է գլոբալ առումով: Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթնաժողովում հնչեցնել այդ համոզմունքը` ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը ․․․ Պետք է սկսել լավ խոսքերից։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը եւ աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք»,- հայտարարել է նա:

Փաշինյանի «զեմլյակ» Վահե Ղալումյանն արտառոց չի համարում, որ Փաշինյանը մեր խնդիրների փոխարեն կարգախոս է առաջ քաշել ողջ աշխարհի համար, նրա խոսքով՝ ՄԱԿ-ի հարթակն այն հարթակը չէր, որտեղ պետք է մեր խնդիրներին անդրադառնար, բայց Հայաստանն իրավական հիմք ունեցող իր պահանջներից չի հրաժարվել:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանն էլ ասաց․ «Ֆորումի տրամաբանությունն էր այդպիսին՝ աշխարհի ապագայի մասով․ «Առհասարակ՝ երկրի ղեկավարները պետք է միշտ լավատես լինեն, իհարկե, խնդիրներ կան, բայց ժողովրդին լավատեսություն փոխանցելը շատ կարեւոր է, բոլորը չէ, որ գիտեն աշխարհաքաղաքական խնդիրների մասին, պարզ, հասարակ գյուղացի են, պետք է լավատեսություն փոխանցել»:

Բայց կարող էր, չէ՞, գոնե Բաքվում պահվող պատանդների հարցը բարձրացնել։ «Ֆորմատներ կան, երբ դրանցից շեղվում ես, խոսքդ չի լսվում»,- ասաց Բագրատյանը»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։