Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինին

Նա իր մտահոգությունն է հայտնել Բաքվում հակահայկական միջոցառմանը ՌԴ որոշ գործընկերների մասնակցության առնչությամբ

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն իր մտահոգությունն է հայտնել ռուսաստանցի որոշ գործընկերների՝ փետրվարի 26-ին Բաքվում կազմակերպված հակահայկական միջոցառման մասնակցության առնչությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Ալեն Սիմոնյանը երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ընդգծել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության դերը՝ հավաստիացնելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն իր համանախագահությամբ կշարունակի արդյունավետ աշխատանքը:

Բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացման հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է դեսպանի գործուն մասնակցությունն ու աջակցությունը՝ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:

Ռուս-հայկական քաղաքական օրակարգի առաջմղման գործում կողմերն ընդգծել են միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակի կարեւորությունը եւ առաջիկայում հանդիպումներն ու քննարկումները հաճախակի դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերել: