Ստորություն է այն նարատիվը, թե իբր արցախցիները չեն կռվել․ Հակոբ Բադալյան

Մանրամասներ
Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․

«Ամենամեծ ստորությունը, որ անցնող տարվա ընթացքում ձևավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը:

Դա ստորություն է, որովհետեւ տարածվում է ոչ թե չիմացության պատճառով, այլ քաղաքական նկատառումների մոտիվով:

Գրեթե տասը ամիս շրջափակված, հյուծված Արցախի պաշտպանական բանակը դիմադրել է թե քանակով, թե սպառազինությամբ, ու թե նաև համընդհանուր միջազգային քաղաքական աջակցությամբ բազմակի գերազանցող ուժին:

Զենքը վայր են դրել միայն այն բանից հետո, երբ հակառակորդին հաջողվել է այդ գերազանցության շնորհիվ պարզապես կոտրել պաշտպանական համակարգի հաղորդակցայնությունը, կտրել ճանապարհներ, առանձին հատվածներում շրջափակման վերցնել ստորաբաժանումներ, ինչպես նաև արդեն ընդհուպ սպառնալ խաղաղ բնակչությանն ու դիմել խաղաղ բնակչությանը թիրախավորելու շանտաժի»: