Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար

Մանրամասներ
Ստեփան Դանիելյան

«ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպությանը հանձնելու հնարավորությունը։ Ինչ է դա նշանակում»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու մանրամասնում.

«Դա շատ պարզ բան է նշանակում, ՀՀ-ն նման փաստաթուղթ ստորագրելով, պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպությանը, որն ավելի վստահելի է, քան ՀՀ անվտանգության մարմինները:

Իրականում, դա Հայաստանի սուվերենության աստիճանի իջեցում է: Եթե ՀՀ-ն ճանաչում է իր տարածքում անվտանգություն ապահովելու իր անկարողությունն, իր սուվերեն իրավունքը զիջում է ոմն մասնավոր ընկերությանն, ապա դա նշանակում է, որ հաջորդ քայլով դա հիմք կհանդիսանա, որ ՀՀ այդ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու հայտ ներկայացնեն այլ մասնավոր ընկերություններ, որոնց ակցիաները կարող են բորսաներում գնել անհայտ, կամ հայտնի ծագման անձինք, որպես հիմք ունենալով ՀՀ-ի կողմից իր անկարողության պաշտոնապես ճանաչումը:

Նաև լավ դիվանագիտություն վարելով, օրինակ Ադրբեջանը, կամ մի որևէ երրորդ երկիր, կարող է հարց բարձրացնել, եթե Հայաստանն անկարող է իր մի հատվածում անվտանգություն ապահովել, և այդ փաստը պաշտոնապես ճանաչում է, ապա ինչ երաշխիք կա, որ իր մյուս հատվածներում կարող է նման գործառույթ իրականացնել և մյուս հատվածներում նույնպես միջազգային մասնավոր ընկերություններ պետք է անվտանգություն ապահովեն: Սկզբունքն հետևյալն է. կամ կարող ես ընդհանրապես, կամ, անկարող ես առհասարակ:

Եվ նման քայլ անում է մի կառավարություն, որը խոսոմ էր իր սուվերենության մասին: Սակայն սա ընդամենը սկիզբն է, մեծ պայքար է սպասվում արտաքին խաղացողների միջև, թե ում կազմակերպությունը պետք է Հայաստանում անվտանգություն ապահովել: Սա նաև կարող է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ռազմական գործողությունների սկիզբ հանդիսանալ՝ սակայն նման զարգացումը դեռ մի կողմ դնենք, դրա մասին դեռ մոտ ժամանակները կմտածենք՝ կամ կդիտենք:

Հ.Գ. Երկար ժամանակ Վրաստանն ու Ռուսաստանը Շվեյցարիայում բանակցություններ էին վարում Աբխազիայով անցնող ճանապարհը նման եղանակով բացելու շուրջ և քննարկվում էր նման գործառույթներ ընձեռնել մի որևէ շվեյցարական մասնավոր ընկերությանը: Վրաստանը հրաժարվել է նման հնարավորությունից, համարելով, որ այդ դեպքում ինքը պաշտոնապես կճանաչեր Աբխազիան որպես վիճելի տարածք, այն դեպքում, երբ Աբխազիայի վրա որևէ վերահսկողություն չունի, իսկ մի քանի երկիր ճանաչել է Աբխազիայի անկախությունը:

Փաստորեն, Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է  իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար:

Մյուս օրինակ Սուեզի ջրանցքն է, որի համար եղան պատերազմներ ու բազմաթիվ զոհեր, մինչև որ Եգիպտոսը կարողացավ իր տարածքի վրա վերահսկողություն սահմանել»։