Երբ նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր վտшնգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ․ Քոչարյան

Մանրամասներ
աժ

Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ազատություն». - Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, Ռուսաստանը հանկարծ նորից հիշել նոյեմբերի 9-ն հայտարարությունը:

Անդրանիկ Քոչարյան. - Որովհետև այդ հայտարարությունը դեռ գոյություն ունի, բայց այդ հայտարարության մեջ նաև գոյություն ունի Ռուսաստանի պարտավորությունները: Մենք արձանագրում ենք պայմանագրի այն կետերը, որոնք ինչ-որ բան կատարվել է, ինչ-որ բան չի կատարվել, և Ռուսաստանի Դաշնությունը չկատարված մասում ունի իր մեղքի բաժինը:

Հիմա, էդ փաստաթղթի մեջ կա մի կետ, որը հետաքրքրել ա նաև մեր տարածաշրջանային շահեր ունեցող երկրների համար. դա միջանցքի խնդիրն էր, որը էսօր դուրս եկավ քննարկման, է՛ս պահին, քննարկումների դաշտից, և էսօր մենք ունենք մեր սահմաններն անառիկ դարձնելու խնդիրը:

«Ազատություն». - Բայց Ռուսաստանը բերում է նորից օրակարգ, ինչո՞ւ:

Քոչարյան. - Ռուսաստանը շատ բան կարող ա բերի, մենք մեր օրակարգով շարժվենք: Ինչու ա բերո՞ւմ՝ որովհետև իր շահերը երևի, գոյություն ունի մինչև...

«Ազատություն». - Ինչո՞ւ է ուզում կանգնել ինքը այդ միջանցքի վերահսկողի դերում:

Քոչարյան. - Ուզում ա, հետո՞: Ինչո՞ւ ա ուզում: Ուզում ա, մենք էլ չենք ուզում: Չէ, էդ հարցի իմաստը չեմ հասկանում, էլի: Ուզում ա, ինչո՞ւ ա ուզում: Ռուսաստանը բանն էլ ա ուզում՝ Ուկրաինան էլ ա ուզում գրավի, ինչի՞ ա ուզում:

«Ազատություն». - Դուք ասացիք՝ նորից առաջ է բերում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ռուսաստանը, որովհետև այդ նոյեմբերի 9 ի փաստաթուղթը գոյություն ունի, ճի՞շտ է:

Քոչարյան. - Այո, որևէ մեկը չեղարկել ա՞ էդ փաստաթուղթը:

«Ազատություն». - Արդյո՞ք ճիշտ է, որ Հայաստանի իշխանություննը իր ստորագրությունը ետ կանչի այդ փաստաթղթի տակից:

Քոչարյան. - Եթե դրա անհրաժեշտությունը լինի, Հայաստանի իշխանությունները կորոշեն ինչ անեն:

«Ազատություն». - Եթե այդ նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունները չեն կատարել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, և հիմա առաջ է բերվում միայն այդ միջանցքի հարցը և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի կողմից, ճիշտ չէ՞, որ Հայաստանը ետ կանչի պարզապես իր ստորագրությունը:

Քոչարյան. - Երբ որ պետք լինի, Հայաստանը իր քայլերը չի ուշացնի, Դուք մի անհանգստացեք:

«Ազատություն». - Այս պահին նման անհրաժեշտության դեռ չկա:

Քոչարյան. - Դուք տեսնում ե՞ք անհրաժեշտություն, էս հարցը որ տալիս եք, կամ պատրաստված եկել եք: Մենք տեսնում էինք անհրաժեշտություն, որ պայմանագրի բոլոր կետերը ի կատար ածված լինեին՝ արցախահայությունը մնար Արցախում, Լաչինի միջանցքը մնար Լաչինի միջանցքի տեղում, չհայաթափվեր Արցախը, ռուսական զորքերը իրենց պարտականությունները կատարեին, և էդ պայմանագրի մնացած կետերը, վիճահարույց կետերը կյանքը կստիպեր, թե որ կետը որ պահին պետք ա դառնար իրականությունը: Հիմա էդ պայմանագիրը էդ ձևով դեռ գոյություն ունի:

Հիմա Դուք ասում եք՝ Հայաստանը ճիշտ չի՞, որ դուրս գա: Ըստ էության, էդ պայմանագիրը ինչպիսին որ կա, էդպես էլ մնացել ա, նա դեռ իր, էսպես, վտանգները ի հայտ չի բերել իր ամբողջ ծավալով: Եթե չի բերել, երբ որ վտանգները տեսանելի կլինի, Հայաստանի իշխանությունները կմտածեն, թե ինչ են անում այդ պայմանագրի հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։