Նախկին պաշտոնյաների նկատմամբ բացահայտումները կշարունակվեն

Փաշինյանը 3 հարց առանձնացրեց

Ցանկանում եմ առանձնացնել երեք հարց՝ կապված Հայաստանում ընթացող գործընթացների հետ: Այս մասին, նախօրեին, Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո ներկաների հարցերին պատասխանելիս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, նախ, մեզ անհրաժեշտ է ստեղծել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ. «Անշուշտ, պետք է շարունակենք կատարելագործել ընտրական համակարգը, ուստի այդ ուղղությամբ մենք պետք է արդյունավետ համագործակցենք Եվրոպական միության հետ:

Մենք տեսնում ենք, որ մեր եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել մեզ: Այստեղ ես կուզենայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ իրագործել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ համոզված ենք, որ այն լիովին համապատասխանում է մեր ներքին օրակարգին եւ նպատակներին:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նշեմ, որ այն չափազանց կարեւոր է մեզ համար՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, եւ դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարեւոր է ապահովել դատարանների անկախությունը:

Մեր կառավարությունն սկզբից եւեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին: Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլեւս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որեւէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ:

Պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն, եւ մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար:

Մեզ համար չափազանց կարեւոր է, որ ԵԱՀԿ-ը խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում»: