ՀՀ-ն տարածքային հավակնություններ չունի և պատրաստ է շարունակել սահմանազատման գործընթացը

Մանրամասներ
քպ

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և սեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր։ ԲՐԻԿՍ–ի 10–րդ խորհրդարանական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

 Նա նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ–ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են սահմանի համապատասխան հատվածներում:

«Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս հավակնություններ չունի և պատրաստ է կառուցողական ու ինտենսիվ աշխատանք տանել սահմանազատման գործընթացը շարունակելու և կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքելու ու ստորագրելու ուղղությամբ»,– հայտարարել է Ռուբինյանը:

 Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է միջազգային տարանցիկ երթուղիների մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի խոսքով` կասկած չկա, որ Հարավային Կովկասում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են միավորող գործոն դառնալ տարածաշրջանի երկրների համար և ոչ միայն:

«Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների վերականգնումը և բացումը պետք է հանգեցնի տնտեսական հարաբերությունների համակարգի կայուն տարածաշրջանային մոդելի ձևավորման»,– ասել է Ռուբինյանը:

Այս համատեքստում նա նշել է, որ խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման հեռանկարի շրջանակում ՀՀ կառավարությունը մշակել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման նախագիծ է՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

«Միավորելով բոլոր կողմերի շահերը՝ մենք պատմական հնարավորություն կունենանք նախադրյալներ ստեղծելու տարածաշրջանի համագործակցության, փոխկախվածության և բարգավաճման համար»,– ընդգծել է ԱԺ փոխնախագահը։

Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կողմ է քաղաքական երկխոսության առողջացմանը և միջազգային հարաբերություններում կայունության բարձրացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը բոլոր շահագրգիռ գործընկերների միջև իրավահավասար և կառուցողական համագործակցության կողմնակից է։