2008 թվականի մարտի 1-ի դեպքերին պետք է տալ լիարժեք քաղաքական եւ իրավական գնահատական։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ գործի ամբողջական հետաքննության բացակայությունը վկայում է, որ ողբերգական այդ իրադարձություններն օգտագործվում են նեղ քաղաքական նպատակներով։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ մարտի 1-ի գործը բացահայտվել է, սուտ է։ Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության կանչելը լոկ դրվագ է։ Համապարփակ հետաքննության համար գործին որպես մեղադրյալներ պետք է ներգրավվեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- նշել է նա։
Փոստանջյանն ընդգծել է, որ մարտի 1-ի դեպքերը, որոնք կազմակերպված էին եւ պլանավորված, նախապատմություն ունեն 1990-ական թվականների ապօրինի գործողությունների տեսքով։ «Քաղաքական ուժերի, հատկապես Դաշնակցության եւ ԶԼՄ-ի նկատմամբ ճնշումները սկսվեցին դեռեւս 1994 թվականին։ 1996-ին մենք տեսանք Զինված ուժեր Երեւանի փողոցներում»,- հավելել է նա։
Կուսակցության նախագահը համոզված է, որ մարտի 1-ին նախորդած հանրահավաքների նպատակը իշխանափոխությունը չէր։ «Եթե այդպես լիներ, ապա 2008 թվականի փետրվարի 26-ին, երբ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ ժողովրդին շրջաններից բերեցին մայրաքաղաք՝ մասնակցելու հանրահավաքին, իսկ նա անցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմը, կարելի էր կազմակերպել իշխանափոխություն, ինչը չարեցին»,- ընդգծել է Փոստանջյանը։
Նա, որպես մարտի 1-ի դեպքերի մասնակից, նկատել է, որ երբ գնացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ եւ ասել, որ ժողովուրդը հավաքվել է Ֆրանսիայի դեսպանատան մոտ ու պահանջում է, որ նա դուրս գա, վերջինը հրաժարվել է։
«Մենք անգամ պատրաստ էինք ապահովել նրա անվտանգությունը, բայց նա ասաց, որ դա իր ժողովուրդը չէ, քանի որ հանրահավաքը կազմակերպված է ոչ իր շտաբի կողմից։ Ակնհայտ դարձավ, որ ինչ-որ մեկն ուզում էր, որպեսզի զոհ լինի, ընդ որում՝ ոստիկանների կողմից»,- ամփոփել է Զարուհի Փոստանջյանը։
0Comments