Մտածե՛ք, պարոնայք, հետո չասեք՝ չեմ զգուշացրել. Շարմազանով

Այո՛, համբերության բաժակը լցվել է, և սեփական պետության դեմ զինված հարձակում իրականացրած ահաբեկչական ակտի մասնակիցները պետք է ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը,այլ ոչ թե պահանջներ ներկայացնեն

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Խոստանում են աշխատավարձերի բարձրացում և աշխատատեղերի ստեղծում, բայց իրականացնում են օպտիմալացում և աշխատատեղերի կրճատում: Խոստանում են սեր և համերաշխություն, բայց քարոզում են ատելություն: Խոստանում են վենդետայի բացակայություն, բայց իրականացնում են քաղաքական ձերբակալություն: Շարքը երկար է:

Խոստանում են օրենքի գերակայություն, բայց համաներում են սեփական պետության ոստիկանության գունդը գրաված ահաբեկչական գործողության մասնակիցներին: Նրանք, ովքեր ցանկացած ժողովրդավարական երկրում բանտում կլինեին ՊՊԾ գունդը գրավելու համար, այսօր Հայաստանում ազատ քաղաքական գործունեություն են ծավալում: Սա աբսուրդ է:

Հիմա էլ հայտարարում են, թե ՊՊԾ-ի գրավման ահաբեկչական ակտի մասնակիցները հեղափոխության նախակարապետներ են: Սա ոչ միայն անարգանք է զոհված ոստիկանների հիշատակի առջև,այլ նաև մարտահրավեր է պետության հիմքերին և անվտանգությանը:

Քայլերթեր ու տարատեսակ տեսարաններ կազմակերպելու փոխարեն Նիկոլի իշխանությանը չէր խանգարի մտածեր ներքին անվտանգության մարտահրավերի մասին:

Այո՛, համբերության բաժակը լցվել է, և սեփական պետության դեմ զինված հարձակում իրականացրած ահաբեկչական ակտի մասնակիցները պետք է ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը,այլ ոչ թե պահանջներ ներկայացնեն:

Հ.Գ. Ամոթ է… Նախագահ Քոչարյանին ձերբակալել եք, իսկ ոստիկանության ՊՊԾ գունդը զենքով գրավողներին ազատել:

Մտածե՛ք, պարոնայք: Հետո չասեք՝ չեմ զգուշացրել»: