Հայաստանի կանանց և տղամարդկանց բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչները մեկնել են Իտալիա` Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց թիմի կազմից ուղեգրի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), իսկ կանանցից` Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ):
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամ է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին Խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:
0Comments