Գիրք գնողներն ավելանում են

Ընդհանրապես, ամեն ինչ թանկանում է կախված էներգակիրների հետ՝ սնունդ, գիրք, դեղ

Գիրք գնողների թիվն անընդհատ ավելանում է։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե գրքով հետաքրքվողները շատեցե՞լ են, թե՞ քչացել։ 

«Ամեն տարի՝ վերջին երեք-չորս տարիներին, աճ ենք ունենում»,- ասաց նա։

Խ. Վարդանյանի խոսքով, ինչպես միշտ, մարդիկ հատկապես գնում են մանկական գրականություն, գեղարվեստական՝ հայերեն, ռուսերեն լեզուներով, հոգեբանության, օտար լեզուների, փիլիսոփայության, կրոնների վերաբերյալ գրականություն։

«Գիրք նվիրելու օրվա նախորդող երկու օրերին,  3-4 անգամ ավելի շատ է վաճառվում մանկական, գեղարվեստական գրականությունը»,- ասաց «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրենը։

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, նրա խոսքով, գրքերը ոչ էժանացել են, ոչ թանկացել։

«Ընդհանրապես, ամեն ինչ թանկանում է կախված էներգակիրների հետ՝ սնունդ, գիրք, դեղ։ Ամեն ինչ մենք ներմուծում ենք։ Եթե այստեղ էլ տպում ենք, նյութերը ներմուծվող են։ Կամաց-կամաց թանկանում է, բայց, կարծում եմ, նորմայի մեջ է, որովհետև վաճառքների աճ ունենք»,- ասաց նա։ 


 

Աղբյուր` Panorama.am