Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում
արարատ մասիս

ԵՄ արտգործնախարարները համաձայնել են, որ Ադրբեջանը պետք է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքեր գործադրի և սկսի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները. Բրյուսելում նախարարական նիստի արդյունքներով Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես է եկել հայտարարությամբ:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունը, որը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ էր պարունակում, մտահոգություն է առաջացնում: «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և բացասաբար կազդի Եվրամիություն-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վրա»,- շեշտել է դիվանագետը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչը համերաշխություն է հայտնել Ֆրանսիային, որի հարաբերությունները Բաքվի հետ վերջին շրջանում լարվել են: Բորելը դատապարտել է Ադրբեջանից ֆրանսիացի 2 դիվանագետի արտաքսումը:

Ադրբեջանի արտգործնախարարությունn արձագանքել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հայտարարությանը:

«Մենք վճռականորեն հերքում ենք Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքները»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ԵՄ-ին մեղադրելով Բաքվի հետ հարաբերությունները սրելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: