Մարս ղեկավարվող թռիչքը հնարավոր է 2030-ական թվականների կեսին, հայտարարել է ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը:
«Մենք հակված ենք դա անել 2030-ական թվականների կեսին: Շատ աշխատանք կա անելու»,- ասել է նա MSNBC-ի հետ հարցազրույցում:
ՆԱՍԱ-ի ղեկավարի խոսքով՝ այս առաքելությունից առաջ անհրաժեշտ է տեխնոլոգիաները փորձարկել Լուսնի վրա եւ դրանք զարգացնել, որ հետագայում հնարավոր լինի օգտագործել Մարսի վրա: Այս գործում ՆԱՍԱ-ն կհամագործակցի միջազգային եւ կոմերցիոն գործընկերների հետ:
Ավելի վաղ ՆԱՍԱ-ն հայտնել էր, որ 2004 թվականին Մարսում եղած Opportunity առաքելությունն ավարտվել է, մարսագնացը չի պատասխանում Երկրից ուղարկվող ազդանշաններին: Opportunity-ն Մարս էր հասել 2004 թվականին եւ նախապես հաշվարկված էր 90 օր աշխատելու համար:
Առաքելության ավարտի հետ կապված ՆԱՍԱ-ի ղեկավարը նշել է գրեթե 2 տասնամյակ շարունակված ՆԱՍԱ-ի մասնագետների աշխատանքի մասին: Առաքելության աշխատակիցները խոստովանել են, որ չնայած «դա ընդամենը մեքենա էր», այսքան տարիների համատեղ աշխատանքից հետո շատ ծանր է նրանից բաժանվելը: ՆԱՍԱ-ից հայտնել են, որ մարսագնացի հետ կապ հաստատելու մոտ հազար փորձ են կատարել, սակայն «հրաժեշտ տալու ժամանակն է»:
0Comments