«Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Գալստյանն այսօր Մատենադարանի մոտ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու ՀՀ մշակույթի նախարարության տարածած վերջին հայտարարությունը։
Ըստ ռեժիսորի, Մշակույթի նախարարության տարածած հայտարարության ամբողջ տրամաբանությունն այն է, որ մարդը կարող է լինել քրեական հանցագործ, թաթախված կոռուպցիայի մեջ, բայց այդ ամենն անտեսեն և ասեն, թե կարող է ամեն ինչ նորից սկսել։
«Այսինքն՝ ասում են՝ մեկ անգամ էլ մասնակցի մրցույթին, եթե հաղթես՝ կֆինանսավորենք։ Սա նախարարության հերթական հակասական դրսևորումներից է։ Եթե նրանք վստահ լինեին, որ ես սխալ եմ, և ուզում են ինձ հնարավորություն տալ, ապա ինչո՞ւ դա նախորդ հանձնաժողովը չի արել։ Եթե նախորդ հանձնաժողովը մերժել էր, ինչո՞ւ նորը պետք է չմերժի։ Սա իրավական անգրագիտության կծիկ է: Փակուղային իրավիճակի առջև կանգնելով՝ նախարարությունը սկսել է տարբեր այլ հիմնավորումներ գտնել։ Սակայն փաստն այն է, որ Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ՝ ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովն ապօրինաբար մերժել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը՝ հղում անելով կանոնակարգի մի կետին, որին հղում անելու իրավունք չունեն»,- ասաց Հովհաննես Գալստյանը։
Հովհաննես Գալստյանի փաստաբան Նունե Դանիելյանի խոսքով՝ հանձնաժողովը ֆիլմի հայտը մերժել է և մերժման հիմքում դրել կանոնակարգի 15-րդ կետը, որը կիրառվել է հետադարձ ուժով, մյուս հիմնավորումները որևէ նշանակություն չունեն։
0Comments