Ռուսաստանի պետական ​​կառույցները հայտնել են, որ Երևանը «դադար է վերցրել շփումներում». «Կոմերսանտ»

Մանրամասներ
Պուտին նիկոլ

Ռուսաստանը և Հայաստանը խրվել են երկկողմ հարաբերությունների հեռակա պարզաբանման ձևաչափում։

Պետությունների ղեկավարները կապի մեջ չեն, սակայն երկու երկրների ներկայացուցիչները կանոնավոր կերպով մեղադրանքներ են փոխանակում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներով ազդանշաններ է ուղարկում, որ Երևանն անվտանգության ոլորտում Ռուսաստանին փոխարինող է փնտրում։

Մոսկվան փորձում է տարբեր ձևերով, բայց ոչ Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությամբ, բացատրել, որ իրեն այլընտրանք չկա։

Այս մասին գրում է «Կոմերսանտը»։

Ռուս-հայկական հարաբերություններում ամենամեծ գրգռիչը, իհարկե, պետք է համարել հանրապետության խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը, ապա նախագահ Վահագն Խաչատրյանի կողմից դրա ստորագրումը։

Հիշեցնենք, որ  ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի համար: Տարբեր մակարդակների ռուսաստանցի պաշտոնյաները հայտարարել են, որ այդ քայլը համարում են ոչ բարեկամական:

Թեև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր խնդիրները լուծում են երկկողմանի ուղիներով, սակայն անհասկանալի է, թե որոնք են այդ ուղիները։

Վերջին շրջանում շփումները  տեղի են ունենում  երկու երկրների ԱԳՆ-ներ դեսպանների կանչման տեսքով՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ, իսկ, Ռուսաստանում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին համապատասխանաբար, ՌԴ ԱԳՆ։

Այլ շփումների մասին ոչինչ չի հաղորդվել: Ավելին, ռուսաստանյան  պետական ​​կառույցներում «Կոմերսանտ»-ի աղբյուրը հայտնել է, որ Երևանը «դադար է վերցրել շփումներում»: Այս մասին է վկայում նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը՝  Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի առիթով։ «Մենք հակված չենք The Wall Street Journal-ին որպես առաջնային աղբյուր ընկալելու, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը։ Եվ իհարկե, մեր հայ ընկերների հետ զրույցում ակնկալում ենք ստանալ այս հարցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։ Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար պատշաճ չէ շփվել թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով։ Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ և կշարունակենք դա անել, մենք շատ ընդարձակ օրակարգ ունենք»,- հոկտեմբերի 26-ին ասել է պարոն Պեսկովը (մեջբերումը ՏԱՍՍ-ից):