ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն է

Որոշում կայացվեց «Քաղաքական լիգայի» շրջանակներում ձեւավորել Քաղաքական քննարկումների ակումբ

Փետրվարի 17-ին կայացել է «Քաղաքական լիգայի» հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լիգայի գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաեւ սահմանվեցին Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւոր խնդիրների առաջնահերթությունները: 

Այդ առնչությամբ «Քաղաքական լիգայի» նախաձեռնողներից Մամուլի ազգային ակումբի ղեկավար, լրագրող Նարինե Մկրտչյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես, ասվում է. «Քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն  է, որը պետք է ապահովի կառավարման մոդելի վերանայումը, իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը, ժողովրդավարական ազատությունների ապահովումը եւ արդյունավետ, արդարացի կառավարումը:

Քաղաքական Լիգայի հավաքի ընթացքում մասնակիցներին տեղեկություն տրվեց ԱՄՆ Ազգային ժողովրդավարական իսնտիտուտի (NDI) գրասենյակի  ներկայացուցչի հետ հանդիպման  մասին:

Որոշում կայացվեց «Քաղաքական լիգայի» շրջանակներում ձեւավորել Քաղաքական քննարկումների ակումբ»: