Արցախը մենակ է մնացել։ Ռուս խաղաղապահները գրեթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ժողովրդավար Արեւմուտքը երես է թեքել մեզնից, երես է թեքել նաեւ Հայաստանը։ Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ արցախահայությունն իրեն լքված է զգում Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Հայաստանի կողմից։ Նա նշել է, որ շատ կարեւոր հարցեր դեռեւս համաձայնեցված չեն Ադրբեջանի հետ։ «Ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածություն ունենք, բայց սպասում ենք վերջնական համաձայնության ՝ բանակցություններն ընթանում են, կտեսնենք»,-ասել է նա։
Նա նշել է, որ վերջնական համաձայնություն դեռ չկա։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ կրակի դադարեցման պայմանավորվածության համաձայն ՝ պաշտպանության բանակը պետք է արձակվի, իսկ բոլոր զենքերը հանձնվեն։
Սակայն պատասխանելով զենքից հրաժարվելու մասին հարցին ՝ Բաբայանն ասել է, որ Արցախի ժողովրդին առաջին հերթին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ: «Մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն։ Մենք չգիտենք, թե անվտանգության ինչ երաշխիքներ կստանա մեր ժողովուրդը, այդ հարցը պետք է լուծվի։ Ցանկացած պահի նրանք կարող են մեզ ոչնչացնել, մեր դեմ ցեղասպանություն կազմակերպել։ Արեւմուտքը լռում է, Ռուսաստանը լռում է, Հայաստանը լռում է»,-ասելէ նա։
Բաբայանը քննադատել է աշխարհին՝ իր ժողովրդին Ադրբեջանի ողորմությանը հանձնելու համար։ «Սա նման է 1453 թվականի Կոստանդնուպոլիսին. մենք պաշարված ենք եւ շրջափակված։ Այստեղ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի: Ղարաբաղը մենակ է մնացել։ Ռուս խաղաղապահները գրեթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ժողովրդավարական Արեւմուտքը երես է թեքել մեզնից, երես է թեքել նաեւ Հայաստանը»,-ասել է նա։
0Comments