Արցախի կառավարությունը և Կարմիր խաչը զբաղվում են դին տեղափոխելու փաստաթղթերով․ Հելեն Դադայանի մայր

Մանրամասներ

Ե՛վ Արցախի կառավարությունը, և՛ Կարմիր խաչն այս պահին զբաղվում են Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից զոհված Հելեն Դադայանի դին տեղափոխելու փաստաթղթերով։

Այս մասին Tert.am-ին հայտնեց Հելեն Դադայանի մայրը՝  Ալվարդ Սաֆարյանը։

«Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել, թե այդ քայլերն արդյունք կտան, թե՝ ոչ, ադրբեջանական կողմը համաձայնություն կտա դին տեղափոխել, թե՝ ոչ։ Երեկվա տվյալներով ինձ ասել են, որ փաստաթղթերն են պատրաստում։ Ես այս պահի դրությամբ չեմ կարող որևէ գնահատական տալ»,- ասաց Հելենի մայրը՝ հույս հայտնելով, որ իշխանություններն ու պատկան մարմինները կօգնեն, որպեսզի 21-ամյա դստեր դին Արցախ տեղափոխվի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին,  Շիրակի մարզի Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ, 6 հոգի վիրավորվել է։ Նրանք վերադառնում էին Արևմտյան Հայաստանից։

Զոհերից մեկը 21-ամյա  Արցախի ճարտար քաղաքից Հելեն Դադայանն էր։ Նա սովորում և աշխատում էր Եվրասիա Համալսարանում։ Նրա ընտանիքը Արցախում շրջափակման մեջ է, ծնողները ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։

Նշենք  նաև, որ շրջափակված Ստեփանակերտում՝ Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, ակցիա էր իրականացրել Հելենի մայրը՝ պահանջելով աղջկա դին տեղափոխել Արցախ։

Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել էր, որ փորձում են շարունակել երկխոսությանը Հելեն Դադայանի աճյունի տեղափոխության շուրջ՝ հույս ունենալով, որ կողմերի համապարփակ համաձայնություն կլինի տեղափոխության շուրջ, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց գործողությունը կատարել։

Հիշեցնենք նաև՝ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով Հելենի մարմինը տեղափոխել հայրենիք՝ հուղարկավորելու համար: