ԱԹՍ-ների գրոհից հետո Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Մանրամասներ

Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները չվերթերի ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Վնուկովո»-ում հայտնել են, որ օդանավերի թռիչքների սահմանափակումները մտցվել են «օդանավակայանից չկախված պատճառներով»։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամը 06։25-ից սկսած՝ չվերթերի մի մասը վերաուղղվել է այլ օդանավակայաններ։

«Դոմոդեդովո» օդանավակայանն իր հերթին հայտնել է, որ «թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցներ ապահովելու նպատակով», առավոտյան ժամը 06։26-ից սկսած, «օդանավերի ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»։

Ավելի ուշ, սակայն, ՏԱՍՍ-ը հղում անելով ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը՝ «Ռոսավիացիա»-ին, հայտնեց սահմանափակումների վերացման մասին։ Ինչպես նշված է «Ռոսավիացիա»-ի մամուլի հաղորդագրության մեջ, վաղ առավոտից Մոսկվայի օդանավակայաններ ուղևորվող շուրջ 50 ինքնաթիռ վայրէջք է կատարել այլ օդանավականներում։

«Ժամը 08։30-ից «Վնուկովո» միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով», - հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում։

Իր հերթին «Դոմոդեդովո»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ չվերթերի ժամանակավոր սահմանափակումները տևել են մինչև ժամը 08։30-ը։

«Այս պահին «Դոմոդեդովոյի» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով», - հայտնել են օդանավակայանից։

Ավելի վաղ Կազանի օդանավակայանից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ «Շերեմետևո» օդանավակայանը ևս չվերթերի սահմանափակումներ է մտցրել, և Կազանի օդանավակայանը ընդունել է այնտեղից վերաուղղված 4 չվերթ։