Միջազգային հանրությունը ստեղծել է տարածքային ամբողջականության սկզբունքը և օգտագործում է դա որպես ճիպոտ. ԱՀ ՄԻՊ

Մանրամասներ

Քաղաքական հայտարարությունները, որ արվում են տարբեր խորհրդարանականների կողմից, ինչ-որ առումով, նաև անձամբ ինձ համար որոշակի խոչընդոտներ են հարուցում, երբ տարբեր քննարկումների ժամանակ նաև մեր միջազգային գործընկերների կողմից մատնանշվում են:

Այս մասին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նկատի ունենալով պագամավորներից մեկի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն։

Ստեփանյանը նշել է, որ ՀՀ հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների ներկայացուցիչների կողմից նման հայտարարությունները վնաս են հասցնում ընդհանուր գործին և պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից ու կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«Ես ուզում եմ, որ ՀՀ մեր հայրենակիցներն ու հայաստանյան հասարակությունը  շատ ավելի ճիշտ և հստակ հասկանա, թե ինչ իրավիճակ է այսօր Արցախում։ Մենք ամեն օր բարձրաձայնում ենք սրա մասին, բայց իրավիճակի լրջությունը անգամ հայաստանյան հասարակության մեջ ամբողջական չի ընկալվել։ Այն հանդարտությունը, որ կա Հայաստանում, երբեմն նաև հայկական Սփյուռքում Արցախի ժողովրդի  ճակատագրի վերաբերյալ, ինձ համար անընդունելի է»,- նշել է նա։

Ստեփանյանը հավելել է, որ ՀՀ խորհրդարանականները պետք է զգույշ լինեն հայտարարությունների մեջ ու առաջնորդվեն առնվազն չվնասելու տրամաբանությամբ։

«Մյուս կողմից միջագային հանրության համար ցանկալի չէ նոր պետությունների ձևավորումը։ Ինչ-որ մի պահի միջազգային հանրությունը ստեղծել է տարածքային ամբողջականության սկզբունքը, որը որպես ճիպոտ օգտագործում է ինքնորոշման իրավունքի ճանապարհով  գնացող ժողովուրդների վրա»,- ասել է ԱՀ ՄԻՊ-ը։