Ֆրանսիայում ոստիկանության կողմից դեռահաս վարորդի սպանությունը ցույցերի և անկարգությունների առիթ է դարձել

Մանրամասներ

Ֆրանսիայում ցույցեր և բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները կրակել են 17-ամյա դեռահասի վրա, որը ստացած վնասվածքներից մահացել է: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականի հրապարակումը:

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում են ոստիկանության երկու սպաներ՝ Mercedes AMG մեքենայի կողքին, այնուհետև նրանցից մեկը կրակում է, երբ վարորդը փորձում է հեռանալ:

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզից ոչ հեռու գտնվող Նանտեր քաղաքում: Ըստ իրավապահների՝ տղան չի լսել ոստիկանների հրահանգը և չի կանգնեցրել մեքենան: Մեքենայում ևս երկու անձ է եղել: Դեռահասին կրակող ոստիկանի հանդեպ հետաքննություն է սկսվել մարդասպանության հոդվածով:

Միջադեպը մեծ զայրույթ է առաջացրել Ֆրանսիայում: Գիշերը մի շարք ցույցեր են սկսվել: Ըստ BBC-ի՝ Նանտերում ցուցարարներն այրել են մեքենաներ և աղբամաններ, ոստիկանության բաժնի մոտ ճայթրուկներ են պայթեցվել: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

Ըստ իշխանությունների՝ ակցիաների 24 մասնակից ձերբակալվել է:

Ցույցեր են տեղի ունեցել նաև Անիեր, Կոլոմբ, Սյուռեն, Օբերվիլյե և մի շարք այլ քաղաքներում:

Ըստ Reuters գործակալության՝ 2022 թ.-ին ճանապարհային ոստիկանության կողմից կանգնեցվելուց հետո Ֆրանսիայում 13 մարդ է սպանվել ոստիկանության կրակոցներից:

17-ամյա դեռահասի սպանությունն այս տարի երկրորդն է: Երկու շաբաթ առաջ ոստիկանությունը ֆրանսիական Անգուլեմ քաղաքում սպանել էր 19-ամյա վարորդի, որն, ըստ նրանց, կանգնեցվելուց հետո հարվածել էր ոստիկանի ոտքերին: