Սամվել Բաբայանն ասել է, թե ինչու է Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվել ԱՄՆ-ում հանդիպումից. VIDEO

Մանրամասներ

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կարծիքով՝  Ադրբեջանը ձգձգում է արտգործնախարների մակարդակով Վաշինգտոնում նախատեսված բանակցությունները, քանի որ պատրաստ չէ փոխզիջումների գնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։ 

«Արեւմուտքն ու Եվրոպան աշխատում են եւ փորձում են հասկացնել Բաքվին, որ պետք է փոխզիջումների գնալ խնդիրները լուծելու եւ Երեւանի ու Բաքվի, ինչպես նաեւ Երեւանի ու Անկարայի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որպեսզի Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան դուրս գան Ռուսաստանի ազդեցությունից։ Արցախին կարգավիճակ չտրամադրելու մասին հայտարարություններով Բաքուն հակադրվում է արեւմտյան ուժերին։ Առանց այդ կարգավիճակի որոշման Հայաստանի հետ հնարավոր չէ լուրջ փաստաթուղթ ստորագրել։ Հայաստանի իշխանություններին բանավոր նման խոստումներ երկու կողմերն էլ տալիս են»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որ կարգավիճակի հարց չի կարող քննարկվել, Բաբայանի կարծիքով դա ներքին լսարանի համար է ասվում, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանն արտերկրում խոստանում է Արցախին կարգավիճակ տալ։ Ադրբեջանական կողմը, Սամվել Բաբայանի կարծիքով, շտապում է խաղաղության պայմանագիր կնքել սեղմ ժամկետներում, որպեսզի պահպանի իր դիրքերը Հայաստանի այն տարածքներում, որոնք գրավել է։ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո, ադրբեջանական կողմը, ըստ ռազմական գործչի, պահանջելու է, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից։ 

«Բաքուն պնդելու է, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս բերվեն, իսկ մենք պնդելու ենք նրանց գտնվելու ժամկետի երկարաձգում։ Իրավիճակը կրկին լարվելու է։ Պետք է հետաձգել կարգավիճակի հարցը եւ սկսել նրանից, թե արդյոք մենք կարող ենք ընդհանրապես բարեւել միմյանց։ Եվ մենք սկսում ենք վերջից: Իսկ ես ասում եմ, որ 30 տարվա ընթացքում այս կերպ ոչնչի չի հաջողվել հասնել, դա հանգեցրել է հերթական պատերազմի։ Բայց եթե պատերազմի երրորդ փուլն եք ուզում, գնացեք այդ ճանապարհով»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված էին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, սակայն ադրբեջանական կողմի խնդրանքով դրանք հետաձգվել են անորոշ ժամկետով։