Լոնդոնը կարծում է՝ հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը, և հույս ունի, որ տարածաշրջանի առաջնորդները քաջություն, վճռականություն կունենան՝ խաղաղության հասնելու: Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։
«Ազատություն». - Մեծ Բրիտրանիան հայտնի է որպես Թուրքիայի և Ադրբեջանի սերտ դաշնակից, համենայն դեպս, Հայաստանում շատերը այդպես են կարծում, այդ երկու երկրների հետ Երևանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Դա չի՞ խանգարի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։
Լեո Դոքերթի. - Չպիտի, որ այդպես լինի, Դուք իրավացի եք, մենք իրոք շատ սերտ դաշնակցային հարաբերություն ունենք Թուրքիայի հետ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետությունն, և Ադրբեջանի հետ, որը սերտ գործընկեր է մեզ համար, հատկապես էներգետիկայի ոլորտում, բայց այդ հարաբերությունները պետք է որ չխոչընդոտեն, որպեսզի շատ խորը և իմաստավորված հարաբերություններ ունենանք Հայաստանի հետ։ Ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականության առումով մենք շատ հավակնոտ և ակտիվ արտաքին քաղաքականություն ունենք, որը համաշխարհային թատերաբեմում շատ աշխույժ է։
Այո, այո, նաև այս տարածաշրջանում, մենք ձգտում ենք ակտիվ լինել Կովկասի տարածարջանում, ուզում ենք՝ դիվանագիտական և անվտանգության լավ պայմանավորվածություններ և համակարգեր գործեն բոլոր պետությունների միջև։ Մենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունենք և ուզում ենք, որ բոլոր գործընկերները, բոլոր պետություններն առաջ շարժվեն և օգտվեն անվտանգության և բարեկեցության այս հանգամանքներից այնքանով, որքանով կառավարությունները և ժողովուրդները կարող են այդ ամենից օգուտ քաղել։
Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք դա շատ ենք կարևորում՝ հաշվի առնելով, որ դուք երիտասարդ ժողովրդավարություն եք, հինավուրց ազգ, հինավուրց քաղաքակրթություն, բայց երիտասարդ ժողովրդավարությամբ, և մենք հավատացած ենք, որ այդ ժողովրդավարության ամրապնդումը շատ կարևոր է։
«Ազատություն». - Հայաստանում անհանգստություն կա մի հարցում. կան բրիտանական ընկերություններ, որոնք ներգրավված են Ղարաբաղի հանքերում։ Տեղյա՞կ եք դրա մասին, հակամարտությունը, ըստ էության, դեռ չի հանգուցալուծվել, և հանքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության ներքո։
2021-ի ամռանը բրիտանական Open Democracy-ն գրեց` Լոնդոնը պատերազմից առաջ և ընթացքում պարբերաբար կապի մեջ է եղել Anglo-Asian Mining-ի հետ, որը ակնկալում էր օգուտներ ստանալ այդ հողերից ու հանքերից:
Լեո Դոքերթի. - Ես մանրամասներին տեղյակ չեմ, ես ժխտում եմ ցանկացած նման մեղադրանք, անկեղծ ասած։ Ինչպես ասացի, մենք թափանցիկ արտաքին քաղաքականություն ունենք, և մեր կառավարությունը որևէ առնչություն չունի առևտրային գործառնությունների հետ այս երկրում կամ որևէ այլ երկրում։ Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ Հայաստանն արդյունահանող ոլորտների միջազգային թափանցիկության նախաձեռնության անդամ է, որը շատ լավ չափման միջոց է, որով կարելի է տեսնել՝ արդյոք արդյունահանող տնտեսվարողներն իրենց պարտականությունները կատարում են, թե ոչ, բայց կառավարության խնդիրը չէ, կառավարությունը ներգրավված չէ և չպիտի լինի ներգրավված այդ ամենի մեջ։
«Ազատություն». - Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը. Միացյալ Թագավորությունը ևս կոչ է արել բացել ճանապարհը, սակայն արդեն 5 ամիս է՝ այդ կոչերը, անգամ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը Ադրբեջանը հաշվի չի առնում։ Մեծ Բրիտանիան մի երկիր է, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, հորդորելուց բացի արդյո՞ք կան լծակներ, որոնք կարելի է գործի դնել Ադբեջանին դրդելու վերացնել շրջափակումն ու անցակետը։
Լեո Դոքերթի. - Այդ մասին հայտնել ենք Ադրբեջանին և կոչ ենք արել քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի լիակատար վերականգնումը։ Մեր գնահատականն այն է, որ ընդհանուր լուծման միջոցով է, որ հնարավոր կլինի այս ուղղությամբ առաջընթաց ունենալ, բայց մենք նշում ենք, որ այս իրավիճակը մարդասիրական լուրջ ազդեցություն է ունեցել։ Սա հերթական անգամ մեզ հիշեցնում է, թե ինչու է շատ կարևոր ավելի խիզախ լուծում գտնել։ Մենք հույս ունենք, որ տարածաշրջանի առաջնորդները քաջություն, վճռականություն, խիզախություն կունենան, որպեսզի առիթն օգտագործեն և խաղաղության հասնեն և բարելավեն իրենց երկրների ազգաբնակչության կենսամակարդակը։
«Ազատություն». - Դուք խոսում եք ռազմավարական երկխոսության մասին, բայց Մեծ Բրիտանիայի վիզայի համար Հայաստանի քաղաքացիները վճարում են ավելի քան 200 դոլար և սպասում ամիսներ շարունակ։ Սրա պատճառով շատերը, հատկապես երիտասարդները խուսափում են այցելել Մեծ Բրիտանիա։ Չե՞ք կարծում որ երկխոսության համար կարևոր է նաև վիզաների ու այցերի դյուրացումը։
Լեո Դոքերթի. - Իրավացի եք, դա շատ-շատ կարևոր է, և շփումները հատկապես երիտասարդների միջև, թե ճանապարհորդելու, թե սովորելու նպատակով, թե աշխատելու նպատակով վիթխարի նշանակություն ունեն՝ կառուցելու կուռ, երկկոսմ կապեր։ Սա, կարծում եմ, հնարավոր է, որ քննարկենք, սա հնարավոր է, որ ռազմավարական երկխոսության բաղադրիչներից մեկը լինի՝ մարդկանց տեղաշարժի հարցը։ Ահա թե ինչու է կարևոր նման հարթակ ունենալը, որտեղ կքննարկենք երիտասարդների տեղաշարժի հնարավորությունները։ Դուք ինքներդ էլ միգուցե օգտագործեք այդ հնարավորությունը՝ այցելեք և լրագրողական պարտականությունները Լոնդոնում կատարեք, բայց մենք գիտակցում ենք՝ որքան կարևոր է դա, և իհարկե, շատ աշխույժ հայկական սփյուռք կա ոչ այնքան Միացյալ Թագավորությունում, որքան ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում։ Ժողովուրդների միջև կապերը վիթխարի նշանակություն ունեն, դա մենք կուզենք էլ ավելի քաջալերել։
0Comments