ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը երկուշաբթի Կոնգրեսին հղած նամակում գրել է, որ իր գերատեսչությունը հազիվ թե կարողանա կատարել ԱՄՆ կառավարության բոլոր վճարային պարտավորությունները «արդեն հունիսի 1-ին, եթե Կոնգրեսը շտապ միջոցներ չձեռնարկի»,- գրել է Reuters-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարարի նամակը վկայում է ստեղծված իրավիճակի հրատապության մասին։ Աննախադեպ դեֆոլտի ռիսկը, որը սպառնում է համաշխարհային տնտեսության ցնցումներով, նոր սրություն է հաղորդում Վաշինգտոնի քաղաքական բանակռիվներին, որտեղ դեմոկրատները եւ հանրապետականները պատրաստվում են բազմամսյա դիմակայության բյուջեի առիթով։
Յելենի նախազգուշացումից հետո Ջո Բայդենը երկուշաբթի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հանրապետական եւ դեմոկրատ ղեկավարներին հրավիրել է հաջորդ շաբաթ հանդիպել Սպիտակ տանը։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բայդենը սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում հանդիպել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մակքարտիի հետ՝ քննարկելու համար պետպարտքի սահմանաչափը։ Բայց ստեղծված իրավիճակում նա կարծում է, որ «Կոնգրեսը պետք է միջոցներ ձեռնարկի՝ առանց որեւէ պայմանի մինչեւ մայիսի 9-ը դեֆոլտից խուսափելու համար»։
Ապրիլի 26-ին Ներկայացուցիչների պալատը հանրապետականների գլխավորությամբ ընդունեց օրինագիծ պետպարտքի շեմի սահմանաչափը բարձրացնելու մասին, բայց եւ օրինագծում կան դրույթներ բնակչության սոցիալապես չպաշտպանվածշերտերի համար բժշկական ապահովագրության կրճատման, արեւային էներգիայի համար հարկային արտոնությունների կրճատման եւ 4,5 տրլն դոլարով կամ 22 տոկոսով ծախսերի ընդհանուր կրճատման մասին՝ ԱՄՆ պետպարտքի սահմանաչափը 1,5 տրլն դոլարով բարձրացնելու դիմաց։
Օրինագծը Սենատի (որը վերահսկում են դեմոկրատները) հավանությանն արժանանալու շանս չունի։ Սպիտակ տունը նաեւ հայտարարել է, որ Բայդենը վետո կդնի այդ օրենքի վրա, եթե այն ընդունվի։
Նոր պոտենցիալ «Х ամսաթիվը», որը հաշվի է առնում ապրիլյան հարկային վճարումները, գրեթե չի փոխվել նախորդ գնահատականի համեմատ, որը հրապարակվել է հունվարին, որի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը կարող է բախվել դրամական միջոցների անբավարարության մոտավորապես հունիսի 5-ին։
Սակայն Յելենը մանեւրելու որոշ ազատություն է ավելացրել՝ նամակում նշելով, որ դաշնային մուտքերը եւ ծախսերը «իրենց բնույթով փոփոխական են»։ Արտակարգ միջոցների ձեռնարկման փաստացի ամսաթիվը «կարող է լինել մի քանի շաբաթ ավելի ուշ, քան այդ գնահատականները»,- գրել է Յելենը։
Նրա խոսքով՝ «անհնար է վստահաբար կանխատեսել ճիշտ ամսաթիվը, թե երբ ֆիննախն ի վիճակի չի լինի վճարել կառավարության հաշիվները»։
Հունվարի 19-ին ձեռք է բերվել փոխառությունների սահմանաչափ՝ 31,4 տրլն դոլարի չափով, եւ դրանից հետո Յելենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ ֆիննախը կաջակցի պարտքերի, դաշնային նպաստների վճարմանը եւ կկատարի այլ ծախսեր՝ օգտագործելով դրամական միջոցների կառավարման արտակարգ միջոցները։
Ֆիննախի նման քայլերից մեկը արժեթղթերի վաճառքը դադարեցնելն է, որոնք պետական եւ տեղի իշխանություններն օգտագործում են դրամական միջոցների ժամանակավոր պահման համար։
2011թ. պետպարտքի շեմի համար նմանօրինակ պայքարը ԱՄՆ-ին կանգնեցրեց դեֆոլտի եզրին եւ հանգեցրեց երկրի բարձր վարկային ռեյթինգի նվազման։ Այս անգամ բանակցությունները կարող են էլ ավելի բարդ լինել։
0Comments