Պայմանագրի կասեցումը կտապալի սպառազինությունների վերահսկման ջանքերը

Մանրամասներ

ԵՄ-ն կարծում է, որ Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, որոնք ստանձնել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (START) շրջանակում և Միացյալ Նահանգներին հնարավորություն տա ստուգելու իր միջուկային զինանոցները: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում ասվում է, որ նախկինում ստորագրված պայմանագիրն ուժեղացնում է ռազմավարական կայունությունը և փոխադարձ վստահությունը երկու խոշոր միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։

Պայմանագրի կասեցումը «կխաթարի եվրոպական անվտանգության ճարտարապետությունը և էականորեն կտապալի սպառազինությունների վերահսկման ջանքերը», ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն նշել է, որ միջուկային զինանոցի նկատմամբ վերահսկողության կորուստը չի բխում պայմանագրի անդամ երկրներից և ոչ էլ որևէ այլ երկրի շահերից։ Բրյուսելը կոչ է արել Մոսկվային հեշտացնել ստուգումները և պահպանել պայմանագիրը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում ելույթի ժամանակ հայտարարել էր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին։ Նա նաև կարգադրել էր պատրաստ լինել միջուկային փորձարկումների մեկնարկին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, ասել է, որ Ռուսաստանի նման որոշումը կքանդի սպառազինությունների վերահսկման ամբողջ ճարտարապետությունը։