Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել. Մերժման մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից. Լավրով

Մանրամասներ
ա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանին ուղղված հարցեր կան այն առնչությամբ, թե ինչպես են երկրի իշխանությունները հայտնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին։ Լավրովի խոսքով, ըստ ՏԱՍՍ-ի, Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել։

«Մենք, ինչպես դուք, այս մերժման մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից։ Որևէ դիվանագիտական խողովակներ, որոնք սովորաբար ներգրավված են լինում նման դեպքերում, չեն օգտագործվել։ Սա հայկական կողմի որոշումն է»,- ասել է Լավրովը։

Նախարարը նշել է, որ այն մեթոդը, որով Երևանը որոշել է մասնակիցներին տեղեկացնել հանդիպման չեղարկման մասին, «հարցեր է առաջացնում»։

Ռուս նախարարի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջադեպերը կշարունակվեն, եթե կողմերից մեկը հրաժարվի կապ հաստատել։

«Այդ միջադեպերը, որոնք անխուսափելի են ցանկացած կոնֆլիկտում, և որոնք, իհարկե, պետք է օպերատիվ դիտարկել և փորձել կարգավորել դրանք, կշարունակվեն նույնիսկ ավելի երկար, եթե ամեն անգամ որևէ միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի բանակցությունների համաձայնեցվցած փուլից։ Դա երբեք ոչ մեկին օգուտ չի բերել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հարցին՝ ճ՞իշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա, Վահան Հունանյանը պատասխանել է.

«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները»։