Զատուլինը պաշտոնական գրություն է ստացել. Հայաստանի Հանրապետությունում նա համարվում է անցանկալի անձ. ՖՈՏՈ

Մանրամասներ

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

Տեղեկությունը նախ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում, ապա «Տելեգրամ»-ի իր ալիքում հաստատել է Զատուլինը՝ նշելով, որ այդ մասին գրություն է ստացել ՀՀ Ազգային ժողովից:

Վերջինս հրապարակել է ստացած գրությունը, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»:

ա

Հիշեցնենք՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար:

Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նա հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ վերջերս «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը։

Նկատենք, սակայն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկա ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի մասին։ Հայտարարության մեջ խոսվում է միայն Լաչինի միջանցքի մասին։