Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի մասին: «Երեկ ես զանգել էի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի շնորհավորեմ նրա վերանշանակման կապակցությամբ և ողջունեմ Հայաստանի ժողովրդին դեկտեմբերին անցկացված ազատ և անկախ ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ֊ը աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա կառուցելու՝ նրա ջանքերին», – գրել է Բոլթոնը:
Դոնալդ Թրամփի խորհրդականը Հայաստան էր ժամանել անցած հոկտեմբերին, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ «Ազատության» հայկական ծառայությանը տված հարցազրույցում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում:
Բոլթոնը Երևան էր ժամանել Բաքվից, որտեղ կայացած մամուլի ասուլիսում ասել էր, թե Ադրբեջան կատարած իր առաջին այցի ընթացքում կարևոր հարցերի շուրջ «ինտենսիվ բանակցություններ» է վարել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Նա նաև նշել էր, որ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է քննարկել։ Ի դեպ, այդ Երևան կատարած այցի օրերին Բոլթոնն արձանագրեց, որ ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն է դիտարկում
Եվ այսպես, հաշվի առնելով հանգամանքը, որ Բոլթոնն ակտիվորեն սկսել է զբաղվել Հայաստանով՝ դիտարկենք, թե ով է նա, ամերիկյան քաղաքականության հայր, գաղափարական հենք համարվող Բոլթոնը:
Անցյալ տարվա մարտի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի գրառմամբ պաշտոնից հեռացրեց Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Հերբերտ Ռեյմոնդ Մքմասթերին և հայտարարեց, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակում է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին: Ապրիլի 9-ից նա ստանձնեց պաշտոնը:
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մետիսը Բոլթոնի հետ մի հանդիպման ժամանակ այսպես է արտահայտվել՝ «Ճի՞շտ է, որ ձեզ բնորոշում են որպես սատանայի մարդկային մարմնացում…»
Ամերիկյան ԶԼՄ-ները դեռ նշանակումից շաբաթներ առաջ քննարկում էին Մքաասթերի պաշտոնազրկման հավանականությունը, ինչն ամեն անգամ հերքվում էր Սպիտակ տան կողմից: Մքմասթերն այդ պաշտոնում նշանակվել էր 2017-ի փետրվարի 20-ին, այն բանից հետո, երբ Մայքլ Ֆելինը ռուս պաշտոնյաների հետ իր հանդիպումների մասին ստելու պատճառով, հրաժարվեց այդ պաշտոնից: Թրամփը մարտի 13-ին թուիթերյան մի գրառմամբ պաշտոնից հեռացեց պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ու նրան փոխարեն այդ պաշտոնում նշանակեց CIA-ի պետ Մայք Պոմպեոյին: Թրամփը Թիլերսոնի պաշտոնազրկման պատճառը Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնության շուրջ տարաձայնությունը հայտարարեց: Թիլերսոնը դեմ էր ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմանը: Մքմասթերն էլ բազմիցս հանդես էր եկել ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի հավատարմության կոչով: Դա ի տես այն բանի, որ Բոլթոնը ՀԳՀԾ-ի համառ ընդդիմադիրներից է:
Մայք Պոմպեոյի և Ջոն Բոլթոնի նշանակումը դարձավ ակտիվ քննարկումների առարկա: Սկսվեց իսկական թոհուբոհ միջազգային մամուլում…
Ընտրելով պահպանողական սադրիչ Ջոն Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում, և կոշտ ուղղության կողմնակից Մայք Պոմպեոյին՝ պետքարտուղարի պաշտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ բարձրացրել է խաղադրույքները միջազգային հարցերում, ըստ News.am-ի՝ գրում է AFP-ն։ Այժմ, եթե Թրամփը որոշի հրաժարվել Իրանի միջուկային գործարքից, ապա ունի խորհրդական, որը գտնում է՝ Իրանին կարելի է զինաթափել ուժով, ավելին` Իրանը մեկն էր այն գլխավոր խաղացողներից, որը 2003-ին պնդում էին Իրաք ներխուժելու շուրջ։ Եթե Թրամփի և Կիմ Չեն Ընի պլանավորված հանդիպումը չբերի Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափմանը, ապա նա ունի թիմ, որն ավելի քան պատրաստ է դիտարկել կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը։
Բոլթոնի նշանակումն ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում անսպասելի չէր, սակայն, այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության ոլորտի մի շարք փորձագետների համար շոկային էր։ «Ջոն Բոլթոնն ազգային անվտանգության սպառնալիք է»,-հայտարարեցին Քոլին Քալն ու Ջոն Վոլֆստալը, որոնք Բարաք Օբամայի օրոք եղել է նրա ավագ խորհրդականները։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Պոմպեոին անվանել է մահմեդականների և հոմոսեքսուալների նկատմամբ խոշտանգումների և խտրականության կողմնակից՝ կոչ անելով Սենատին չեղարկել նրա նշանակումը պետքարտուղարի պաշտոնում։ Թրամփի համար միևնույն է, թե ինչ են ասում Օբամայի նախկին խորհրդականները Բոլթոնի և Պոմպեոյի մասին, սակայն առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ նրանց քաղաքական հայացքները, կարծես թե, հակասում են միմյանց։
Իրանում Բոլթոնի նշանակումը ևս բացասաբար ընդունեցին: Ըստ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանայի՝ Բոլթոնը 2017-ին հանդիպել է արտերկրում գործող «Իրանի ժողովրդի մոջահեդներ» կազմակերպության ներկայացուցիչների հետ, որը նպատակ ունի տապալել Իրանի իշխանություններին:
Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման համատեքստում հետաքրքրական է Թրամփի խորհրդական Բոլթոնի յուրահատուկ վերաբերմունքը այդ երկրի նկատմամբ: Դեռևս 2011 թ. նա հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Ադրբեջանին: Ըստ նրա, Ռուսաստանը, տարածաշրջանում մեծացնելով իր ազդեցությունը, փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը, և տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը պետք է լինի որպես «հայամետ Ռուսաստանի» հակակշիռ:
Ինչ վերավերում է Հայաստանի հարևան Իրանին, ապա Բոլթոնը կոշտ քաղաքականության կողմնակից է: Երկու ամիս առաջ Բոլթոնը հայտարարեց, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է առավելագույն ճնշումը գործադրել Իրանի վրա, իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի, բայց չեն ցանկանում որ դրանից տուժեն Միացյալ Նահանգների բարեկամ ու դաշնակից երկրները:
«Նախագահն աներկբա ասել է, որ մեր նպատակը առավելագույն ճնշումն է, որպեսզի իրանական նավթի արտահանումը հավասարվի զրոյի: Մենք հասկանում ենք, ակնհայտ է, որ մի շարք երկրներ, դրանցից մի քանիսը Իրանին անմիջապես հարևան են, ուր ես այցելել եմ անցած շաբաթվա ընթացքում ու նավթ գնող այլ երկրներ՝ հնարավոր է չկարողանան կրճատել գնումները դրանք հասցնելով զրոյի: Մենք ցանկանում ենք հասնել առավելագույն ճնշման, բայց չենք ցանկանում վնասել մեր ընկերներին և դաշնակիցներին և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Բոլթոնն ասել է, որ պատժամիջոցների արդյունքները Իրանում արդեն նկատելի են, ներառյալ իրանական արժույթի՝ ռիալի փլուզվելը: «Կարևոր է, որ մենք չթուլացնենք մեր ջանքերը», – ընդգծել է նա, արձանագրելով, որ իրանական նավթի գնումների կրճատումներ են նկատվում այնպիսի երկրների կողմից, ինչպիսին Չինաստանն է, ինչը չէր ակնկալվում: – «Մենք նաև տեսնում ենք, որ չինական ֆինանսական կազմակերպությունները հրաժարվում են Իրանի հետ գործարքներից: Եվրոպական բիզնեսը հեռանում է իրանական շուկայից»,- ասել նա:
Ահա, ամերիկյան քաղաքականության ներկայիս «կնքահայրը»: Իր կոշտ քաղաքականությամբ նա ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի, և, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ ցույց կտա ժամանակը:
0Comments