Օպտիմալացման նպատակն այն է, որ ամեն գործառույթով զբաղվի մեկ կոնկրետ մարմին

Սփյուռքի կրթական օջախների համար ուղարկվում են դասագրքեր, բայց Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումը իրականացվում է Կրթության և գիտության նախարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վերջինս խոսել է օպտիմալացումների մասին՝ նշելով, որ օպտիմալացման նպատակն այն է, որ ամեն գործառույթով զբաղվի մեկ կոնկրետ մարմին:

Անդրադառնալով Սփյուռքի նախարարության օպտիմալացմանը, նա առանձնացրեց կրթության հարցը.

«Սփյուռքի կրթական օջախների համար ուղարկվում են դասագրքեր, բայց Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումը իրականացվում է Կրթության և գիտության նախարարությունը: Շատ հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ ուսուցիչները վերապատրաստվում են մի ծրագրի շրջանակում՝ մի նախարարության կողմից, իսկ նրանք դասագրքեր են ստանում ուրիշ նախարության կողմից»,- նշեց նա:

Ըստ վարչապետի՝ կրթության հարցով զբաղվողը պետք է լինի կրթության նախարարութունում, որովհետև եթե կրթության հարցով մի քանի նախարարություններ են զբաղվում, ապա ներուժը ցրվում է. «Այնպես է ստացվել, որ Սփյուռքում հայկական կրթության մի քաղաքականություն ենք վարում, Հայաստանում՝ մեկ այլ, դա նշանակում է, որ մեր ինքնությունն իրարից հեռացնում ենք, կարծում եմ՝ մեր խնդիրը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի քաղաքացու ինքնությունն իրար մոտեցնելը»,- ասաց նա: