Կան բազմաթիվ բողոքներ դպրոցական առարկայական ծրագրերի ծանրաբեռնվածության եւ դասագրքերի ծանրության հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Վաղը քննարկում ենք հենց կոնկրետ դասագրքերի հետ կապված (ծանրության հետ կապված) խնդիրները, եւ նույնիսկ կարող է լուծում լինի, որ դասագրքերը լինեն երկհատոր` առաջին կիսամյակի համար` մի հատոր եւ երկրորդ կիսամյակի համար` մի հատոր»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ ծնողներն ամենաշատը բողոքում են երեխաների ծանրաբեռնվածությունից:
«Ծրագրերի անհամապատասխանության հետ կապված, տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի մատուցման հետ կապված, նույն եկեղեցու պատմության, հայ ժողպատմության, ռազմագիտության ծրագրերում, նույնիսկ, երգի դասագրքում կրկնություններ կան: Որպեսզի թեթեւացնենք»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով` դա ֆինանսական լուրջ ծախս կլինի պետության համար, սակայն բոլոր առարկաները վերանայվելու են, եւ առհասարակ, ուսումնական ծրագրերը` բոլորը, վերանայվելու են:
Նախարարը նշեց, որ նախատեսվում է մինչեւ 2023 թվականը ներդնել լրիվ նոր առարկայացանկ:
0Comments