Խաղաղություն չեն մուրում, այն պետք է պարտադրել. Շարմազանով

Այլ տարբերակ չի կարող քննարկվել, քանի որ «քաղաքական մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ անկելանոց»

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մինչ Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են խաղաղության և համոզում, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հերթական ապակառուցողական, հակահայկական հայտարարությամբ:

Ալիևը նշել է, թե այսօր Ադրբեջանի դիրքերը բանակցություններում բավականին ամուր են, ինչպես նաև խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և դրա համար նրանք կօգտագործեն բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժայինը:

Հայաստանում իշխանափոխությունից հետո էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն որերորդ անգամ ռազմատենչ հռետորաբանություն է կիրառում, չնայած վարչապետ Փաշինյանի՝ Ալիեւին ուղղված կոմպլիմենտներին:

Հայկական կողմը համապատասխան դիրքորոշում որդեգրելու փոխարեն «ջայլամային քաղաքականություն» է վարում՝ գործնականում հրաժարվելով Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:

Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները ի ցույց են դնում նրա ՝ խաղաղության պատրաստ չլինելու հանգամանքը:

Խաղաղություն չեն մուրում, այն պետք է պարտադրել և հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման:

Այլ տարբերակ չի կարող քննարկվել, քանի որ «քաղաքական մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ անկելանոց»:

Խաղաղության հասնելու լավագույն ճանապարհը ազգային միասնական հասարակության, հզոր բանակի, ուժեղ ազգային եկեղեցու առկայությունն է:

Հ.Գ. «Qui desiderat pacem, praeparet bellum»- Ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի»: