Արմեն Գևորգյանը չի կալանավորվի

Դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը և երկու կողմերի վերաքննիչ բողոքները մերժեց, այդ թվում՝ պաշտպանական կողմի

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց 2008 թվականի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշեց մերժել ներկայացված բողոքը, համաձայն որի՝ Արմեն Գևորգյանը չի կալանավորվի:

«Դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը և երկու կողմերի վերաքննիչ բողոքները մերժեց, այդ թվում՝ պաշտպանական կողմի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։