Աբդուլլահ Գյուլի կինը կարծում է, որ իր ամուսնուն ցանկանում են սպանել

Թուրքիայի նախկին առաջին տիկինը լուրջ կասկածներ ունի

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կինը՝ Հայրինուսսա Գյուլը, կարծում է, որ ոմանք կարող են փորձել սպանել իր ամուսնուն, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Այնտեղ նշել էր, որ նախկին նախագահի կինը անվտանգության աշխատակիցներին հրահանգել է առավել ուշադիր լինել, հատկապես մանրակրկիտ ստուգել  նրա մեքենայի սրահը մինչ Աբդուլլահ Գյուլի նստելը:
Թուրքիայի նախկին առաջին տիկինը, մասնավորապես, պնդել է, որ մեքենայի ներսում կասկածելի հոտ է հայտնվել, որը գազի արտահոսք է հիշեցնում: Ըստ նրա՝ Գյուլը մեքենայից դուրս գալուց հետո իրեն երբեմն թույլ է զգում, իսկ գազի հոտը օր օրի շատանում է: Հայրինուսսա Գյուլը նաև աշխատակիցների հետ խոսելիս շեշտել է, որ իր ամուսինը շատ ուշադրություն չի դարձնում նման բաների և կարող է կարևորություն չտալ խնդրին, սակայն ինքը լուրջ կասկածներ ունի, որ նրան կարող են փորձել սպանել:

Հատկանշական է, որ «Միլլիյեթ»-ում հրատարակված այս հոդվածը ջնջվել էր ժամեր անց: Նյութը, սակայն, հասցրել են արտատպել այլ լրատվամիջոցներ: