Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան տարեդարձն է

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նրա հիշատակին պատարագ մատուցվեց

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանը կդառնար 29-ը տարեկան: 

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նրա հիշատակին պատարագ մատուցվեց, որին ներկա էին նրա հարազատները, զինվորականներ։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ռուսաստանից վերադառնալով, Արմենակ Ուրֆանյանն ընդունվել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո «լեյտենանտ» սպայական կոչումով նշանակում է ստացել։ Զորքերում անցկացրած ծառայության արդյունքում 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջին գծում։

2016 թվականի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից Արմենակ Ուրֆանյանը եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ