44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը մահացել է

Նա մեղադրվում էր խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու մեջ

Այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում, առավոտյան ժամը 06:35-ին մահացել է, 44 օր հացադուլ հայտարարած, Մհեր Երամիշի Եղիազարյանը։

Այս առնչությամբ, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը նշել է. «Անձամբ իմ եւ «Հայոց Արծիվներ»-ի անունից՝ խոր վշտով ցավակցում եմ Մհեր Եղիազարյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարակիր եւ մտերիմ ընկերներին։  Թո՛ղ Մհեր Եղիազարյանի հոգին լուսավորվի Աստծո արքայության մեջ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:

Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: