«5 լուր». համառոտ՝ կարևորի մասին

Armeniadaily.am-ը ներկայացնում է

Ոչ մի արդյունք չի ակնկալվել. Մոսկվայում ԵՏՀ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավոսում Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների մասին հարցին: «Դա պարզապես շփում էր: Ո՛չ Ալիեւը, ո՛չ ես արդյունքներ չէինք ակնկալում: Մենք պարզապես խոսել ենք: Իհարկե, քննարկել ենք Ղարաբաղը: Բայց դա պաշտոնական բանակցություն չէ, մենք պարզապես խոսում ենք այս հիմնահարցի՝ մեր ընկալումների մասին»,- ասել է Փաշինյանը: Ի պատասխան հարցին, թե Ալիեւի հետ հանդիպման ժամանակ արդյոք քննարկվե՞լ է տարածքների հանձնումը եւ Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելը, Փաշինյանը նշել է, որ ամբողջ զրույցն ընթացել է իր հրապարակային հայտարարությունների շրջանակում: «Ես ասել եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը, այլ ոչ Արցախը՝ այն պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին եւ ինձ չեն ընտրել: Նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց նախագահը: Ուստի ես չեմ կարող բանակցություններ վարել Արցախի անունից, ես կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ չի կարող բացահայտել քննարկումների բոլոր մանրամասները, քանի որ դա բարոյական չէ:

 

Հայաստանի կառավարությունը ներքին սպառողի համար չի սուբսիդավորի գազի գինը. Մոսկվայում ասել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ 2019-ին ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա: «Մենք ունենք մեկ տարի՝ Ռուսաստանի մեր գործընկերների, «Գազպրոմի» ու ԵԱՏՄ-ի հետ խորհրդակցությունները շարունակելու և երկարաժամկետ հեռանկարում հարցը լուծելու համար»,-հայտարարել է վարչապետը: Փաշինյանը հարցի կարգավորումը տեսնում է ԵԱՏՄ շրջանակներում, քանի որ խոսքն ընդհանուր տնտեսական տարածքի մասին է:

 

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությանը՝ եզրակացնելով, որ Մոսկվան Երևանից հավատարմության՝ վստահություն ներշնչող ապացույցներ է ակնկալում: Հեղինակը նշում է, որ թեև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը հերքել է Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում լարվածության առկայությունը, այդուհանդերձ՝ կան հստակ պատճառներ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ Մոսկվայի ու Երևանի հարաբերություններն այդքան էլ անամպ չեն և ռուսական կողմը դեռևս բավարար աստիճանի չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին: «Ռուս-հայկական հարաբերություններում վստահության մակարդակի բարձրացմանը չէին կարող նպաստել Ռուսաստանին պատկանող սուբյեկտներում ստուգումները: Պետք չէ նաև մոռանալ ռուսական քաղաքական և բիզնես շրջանակների հետ կապված նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի մասին: Դրանցից ամենակարևորը 2-րդ նախագահ, Պուտինի ընկեր՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն է: Ստեղծված իրավիճակի ֆոնին Փաշինյանի մոսկովյան այցի օրակարգում Պուտինի հետ բանակցությունների բացակայության փաստը տագնապի նշան է: Ուրբաթ օրվա համար Վլադիմիր Պուտինի ազատ ժամանակի «դեֆիցիտը» Նիկոլ Փաշինյանի համար ամենահաճելի լուրերից չէր: Եվ դա Հայաստանում «մեկնաբանվելու» է վարչապետի հասցեին կրկնակի շատ քննադատությամբ»,-եզրափակում է վերլուծաբանը:

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին. «Դուշանբեի հանդիպումից անմիջապես հետո ուղիղ եթերում հանդիպման արդյունքները ներկայացնող Փաշինյանին եկել է փոխարինելու բանակցությունների էթիկայից և գաղտնապահությունից խոսող Նիկոլ Փաշինյանը, որի՝ արդեն երկրորդ հանդիպման մասին Հայաստանի հասարակությունն իմանում է օտարերկրյա աղբյուրներից: Հերթական անգամ համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է և երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց»:

 

ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը՝ Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Պաշտպան Միհրան Պողոսյանն ասել է, որ այսպիսի պայմաններում արդարդատությունը ստիպված կլինեն փնտրել ՄԻԵԴ –ում: «Ակնհայտ է, որ առնվազն կալանքի որոշման ոչ իրավաչափ լինելը, կլասիկ երևում է: Հայաստանյան ատյաններն սպառված են արդեն, կդիմենք ՄԻԵԴ»,-շեշտել է պաշտպանը: