«Շաբաթվա ինտրիգն ու անսպասելի միջադեպը Փաշինյան–Ալիեւ` արդեն երրորդ «ոչ պաշտոնական» հանդիպումն էր՝ այս անգամ Դավոսում». գրում է «Փաստ»-ը: Թերթի տեղեկություններով՝ «Հանդիպումն ի սկզբանե պլանավորված է եղել, ու երկու ղեկավարները նախապես տեղյակ են եղել, մանրամասները քննարկվել են ԱԳ նախարարների մակարդակով: Ի դեպ՝ Ալիեւի հետ հանդիպումից րոպեներ առաջ Փաշինյանը հեռախոսով ոգեւորված խոսել է եւ ժպտացել. ըստ «օդում կախված լուրերի», նա խոսել է Լեւոն Տեր–Պետրոսյանի հետ եւ խորհուրդներ հարցրել նրանից»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ երեկ 168.am-ին տված հարցազրույցում արված պնդումները, թե հունիսին Փաշինյանն ու Ալիեւը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ համաձայնագիր կստորագրեն, հայրենի քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Քաղաքագետ Մոդեստ Կոլերովն էլ թերթին հայտնել է. որ կողմերը ԼՂ խնդրով կարող են համաձայնագիր ստորագրել մարտին՝ գագաթնաժողովի ժամանակ: «Հարցը կապված է Արցախի ճակատագրի հետ եւ չի կարող լուծվել առանց նրա մասնակցության»,-«Ժողովուրդ»-ին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա հավելել է. «Մենք չենք հավատում այդպիսի համաձայնագրի։ Պետք է հասկանալ, թե ի՞նչ է ընկած փոխզիջման հիմքում, եւ արդյո՞ք միայն բավարարվելու ենք Ադրբեջանի բանավոր հայտարարություններով»,-ասել է Բաբայանը։
«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի կառավարությունը տարեվերջին որոշել է պահուստային ֆոնդից 1 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ Ոստիկանության համակարգի աշխատակիցներին պարգեւատրելու համար: Չի բացառվում, որ Փաշինյանը որոշել է ոստիկանության աշխատակիցներին պարգեւատրել ավանսով, որովհետեւ այս տարի նրա իշխանությանը ոստիկանական աջակցությունը շատ է պետք գալու»,-եզրակացրել է թերթը:
«Իրատես»-ը գրում է. «Մեկ ամսվա ընթացքում նոր կառավարությունում օպտիմալացմանը զուգահեռ տեղի կունենա նաեւ կադրային փոփոխություն. կնշանակվի նոր ոստիկանապետ: Պատճառը ոչ միայն գործող ոստիկանապետի «охранник»-ի հետ կապված «մութ» պատմությունն էր, համաձայն որի՝ վերջինս բռնվել էր կաշառք վերցնելու մեջ, այլեւ երկրում տիրող օպերատիվ իրավիճակը: Որոշ տեղեկություններով՝ սոցհարցումներ են կազմակերպվել՝ «հանուն» գործող ոստիկանապետի և ընդդեմ նոր թեկնածուների: «Աշխատանքներին» լծվել է ոչ միայն ոստիկանական ողջ համակարգը, այլեւ՝ «դրսի աշխարհը»: Այս համատեքստում հնչում է Օսիպյանի մտերիմ, ռուսաստանցի օլիգարխ Մոնարխի՝ Արմեն Գինոսյանի անունն՝ իր ողջ ռեսուրսներով հանդերձ: Պնդում են, թե օլիգարխն ամեն ինչ անում է, որպեսզի «անհրաժեշտ տվյալներ» դրվեն վարչապետի սեղանին ու վերջինս հետ կանգնի ոստիկանապետին փոխելու իր մտադրությունից: Այս առիթով ոստիկանությունում լուրջ դժգոհություն կա»:
«Իրավունք» թերթը գրում է. «Գործարար Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է՝ իրեն պատկանող սուպերմարկետներում Նիկոլ Փաշինյանի նկարով «Վարչապետ», «Դուխով» անվանումներով օղիներ եւ «Նիկոլ» կոնֆետներ է վաճառում: Եվ մինչ սոցցանցերում այս ամենի շուրջ անեկդոտներ են պատմում, պարզվում է՝ նոր իշխանությունները բավական շոյվել են այս ամենից, եւ Ալեքսանյանի ջանքերը տվել են դրական արդյունքը: Հարկային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանը սկսել է ավելի քիչ պետական հարկ վճարել, քան վճարում էր նախորդ տարիներին՝ նախկին իշխանությունների օրոք: Փաստորեն, հեղափոխությունը ում-ում, բայց այսօրվա իշխանությունների կողմից ամենաքննադատված ու օլիգարխ համարվող Ալեքսանյանի համար խիստ արդյունավետ եղավ»,-եզրակացրել է թերթը:
0Comments