Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցչին

Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունն այսուհետ եւս հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու Արցախը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին եւ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Արմեն Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք:

Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունն այսուհետ եւս հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու Արցախը՝ գործուն մասնակցություն ունենալով մեր հանրապետության զարգացմանն ու զորացմանը:

Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: