Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 514-Ն որոշումը, որի համաձայն 2022 թվականի ընթացքում էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագիր) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով:
Մաքսատուրքի սակագնային այս արտոնությունը ստանալու նպատակով հայտարարատուն տրանսպորտային միջոցը ՀՀ ներմուծումից հետո պետք է համապատասխան մաքսային մարմին ներկայացնի մաքսային հայտարարագիրը: ՀՀ մինչև 6400 հատ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից այդ հայտարարագիրը կգրանցվի և կտրամադրվի մաքսատուրքի արտոնություն։ Նշված քանակը սպառվելու պարագայում մաքսային մարմինների կողմից տվյալ տարվա ընթացքում մաքսատուրքի արտոնություն չի տրամադրվի, իսկ արտոնության կիրառմամբ հաշվարկված հայտարարագիրը, գրանցումը կամ բացթողումը կմերժվի։
Կոմիտեն տեղեկացնում է, որ այս արտոնության կիրառման նպատակով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում մաքսատուրքի արտոնությունը կարող է տրամադրվել միայն էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի ՀՀ ներմուծումից հետո՝ մաքսային մարմիններին վերջնական հայտարարագրի ներկայացման պարագայում։
Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում՝ սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ ՀՀ մաքսային սահմանը հատած տրանսպորտային միջոցներին:
0Comments