«Պետգույքի կառավարման վարչության ղեկավարը չի կարող ինքն իրեն պարգեւատրել » Ն. Բաբայան

ՊԳԿՎ ղեկավարը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև ներկայիս ամենաքննարկվող թեմայի մասին

Ես ինքս ինձ պարգեւատրելու լիազորություն չունեմ: Հունվարի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կառավարությանն առընթեր Պետգույքի կառավարման վարչության ղեկավար Նարեկ Բաբայանը: Ընդ որում՝ նա նշեց, որ ինքը լիազորություն ունի պարգեւատրելու իր աշխատակիցներին:

Հարցին՝ կառգրավվե՞ն շնորհազրկված գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքները, Բաբայանը նշեց, որ դրա համար պետք է լինի կառավարության համապատասխան որոշումը: «Օրինականությունը կառավարությունը չի ստուգում, բայց այդ գործընթացն առայժմ կասեցված է, քանի որ գլխավոր դատախազությունը իրազեկել է իր վերապահումների մասին»,- պարզաբանեց նա:

Հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին «Գոլդեն Փալաս» հյուրանոցի համասեփականատերն է, պաշտոնյան բացասական պատասխան տվեց: Նրա խոսքով՝ «Գոլդեն Փալաս» հյուրանոցի հարցով ընթացակարգերը քննարկումների փուլում են, քանի որ այդ գույքը բավականին խոշոր է եւ գույքագրման կարիք ունի: