Բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանը փսիխոպատ է: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան:
Վերջինս նշեց, որ իրենք պահանջում են Մհեր Ենոքյանին ենթարկել դատահոգեբանական փորձաքննության:
«Բժշկի աչքի համար ակնհայտ է, որ Ենոքյանը վտանգավոր է մարդկանց համար, նա փսիխոպատ է, և մենք պահանջում ենք, որ կատարվի հոգեբուժական փորձաքննություն, և դա կապացուցվի, ես համոզված եմ»,-ասաց նա:
Ըստ Աղաջանովայի՝ Ենոքյանի խոսքը, նրա նկարները, որ տեսել են, նաև նրա բոլոր մանիպուլյացիաների ձևերը, ազդեցությունը մարդկանց վրա, հասկացել են, որ նա խնդիր ունի:
«Ասեմ, որ Զարուհի Մեջլումյանը, որ նրա կինն է, նույնպես մարդասպան, մանիպուլյատոր Մհեր Ենոքյանի հերթական զոհն է»,-ասաց նա:
Հարցին, թե կա՞ն հիմքեր՝ դատահոգեբուժական փորձաքննության ներկայացնելու, զոհի քույրն ասաց, որ ինքը՝ որպես բժիշկ, տեսնում է, որ նա դրա կարիքն ունի, և տեսնում է՝ նրա հոգեբանական վիճակից ելնելով:
«Համենայն դեպս, վերջին տասը տարիների ապացույցն է, և այսօրվա ամեն ինչը ցույց տվեց, որ Ենոքյանն օգտվում է հնարավոր և ոչ հնարավոր իր բոլոր իրավունքներից: Այո´, նա իրավունք ունի ներման դիմում ներկայացնելու, խնդիր չկա, մենք իրավունք ունենք դեմ լինելու: Ես ասել եմ և կկրկնեմ, որ մենք իրավունք ունենք չներելու իրեն, մենք չենք ներում, թող ցանկացած մարդ, որ կարող է իրեն ներել, իր մեջ անցկացնի, թե ինչ կատարվեց, ինչպես կվերաբերվեին, եթե իրենց երեխայի դեպքում լիներ, նոր ասեն»,-ասաց նա:
0Comments