
ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը և համաշխարհային տերությունները շատ մոտ են 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ համաձայնությանը, որը կսահմանափակի Թեհրանի միջուկային ծրագիրը՝ կոշտ պատժամիջոցները չեղարկելու դիմաց:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, Բորելը նման մեկնաբանություն է արել՝ ելույթ ունենալով «Դոհա ֆորում» միջազգային համաժողովում:
Միջուկային բանակցությունների՝ ԵՄ համակարգող Էնրիկե Մորան ավելի վաղ ասել է, որ մարտի 26-ին մեկնելու է Թեհրան՝ հանդիպելու Իրանի գլխավոր բանակցողի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլահիանը այս շաբաթ ասել է, որ միջուկային համաձայնագիրը կարող է ձեռք բերել կարճաժամկետ հեռանկարում, եթե ԱՄՆ-ն պրագմատիկ է: Սակայն ԱՄՆ պաշտոնյաներն ավելի զգույշ են եղել համաձայնագրի վերականգնմանն ուղղված ջանքերի գնահատման հարցում:
0Comments