ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Թուրքիա կատարած իր այցին։
«Հետահայաց նայելով՝ ես կարծում եմ, որ մեր որոշումը՝ արտաքին գործերի նախարարի մակարդակով մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ճիշտ որոշում էր։ Եվ ինչպես մինչ այդ հրապարակավ, ինչպես այնտեղ հանդիպման ընթացքում, այնպես էլ հիմա ուզում եմ ասել, որ մենք վստահ ենք, որ Հայաստանը և Թուրքկան կարող են, արժե և պետք է նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները և բացեն սահմանները։ Կարծում եմ, որ այս գործընթացի մեջ երկու նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ։ Կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց երկու կողմերն էլ ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ շարունակում ենք երկխոսությունը, շարունակում ենք գործընթացը՝ առանց նախապայմանների՝ նպատակ ունենալով իսկապես բացել սահմանները։ Մի փոքր տակտիկական կամ տեմպի առումով որոշակի տարբերություններ, անշուշտ, կան երկու կողմերի միջև։ Բայց ընդհանուր առնվազն վերբալ մակարդակով երկու կողմերս էլ հաստատում ենք, որ նպատակը, վերջնարդյունքը հենց սահմանների բացումն է»,- ասաց նա։
Հարցին, որ հայկական մեդիա տիրույթում շատ էին քննարկվել թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ իր ժպիտի ու թուրք պաշտոնյանի փողկապի բացակայության հարցերը, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Չարչրկված փողկապի թեմայով՝ ընդհանրապես այդ ֆորումը առանց փողկապների ֆորմատ էր հայտարարված։ Եվ տարբեր լուսանկարներից կարող եք տեսնել, որ մի մասն ի վերջո կրում էին փողկապները, մյուս մասը չէին կրում։ Ինչ վերաբերում է ժպիտի մասին, հիմա հումոր ենք անում, բայց ես կարող եմ շատ լուրջ պատասխանել այդ հարցին։ Ողջ հարգանքով մեր բոլոր զոհերի ու նրանց ընտանիքների անդամների զգացմունքների նկատմամբ, եթե ես իմանամ, որ իմ ժպիտը կարող է ապագայում գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի կժպտամ»։
0Comments