«Արմենպրես»-ի տնօրեն է նշանակվել Նարինե Նազարյանը

Մանրամասներ
ա

«Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲ ընկերության տնօրեն է նշանակվել Նարինե Նազարյանը: Որոշումը կայացվել է մարտի 18-ին ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի նիստում՝ հիմք ընդունելով ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի հանձնաժողովի որոշումը և եզրակացությունը՝ Նարինե Նազարյանին մարտի 15-ին կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու վերաբերյալ:

Մասնագիտությամբ հոգեբան Նարինե Նազարյանը լրատվության ոլորտում ավելի քան 18 տարվա փորձառություն ունի, որից 17 տարին աշխատել է «Արմենպրես»-ում՝ ավելի քան յոթ տարի զբաղեցնելով ընկերության տնօրենի տեղակալի, իսկ 2011-2021 թվականներին՝ «Արմենպրես»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918թ. դեկտեմբերի 18-ին: Այն թողարկվում է վեց լեցվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն, ունի գործընկերային լայն ցանց, միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում գործում են նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը: Գործակալությունը 2011-2021թթ. ղեկավարել է Արամ Անանյանը. տնօրենի պաշտոնը թափուր է մնացել նրա՝ FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ նշանակվելու կապակցությամբ:

Նարինե Նազարյանը «Արմենպրես»-ի 103-ամյա պատմության մեջ առաջին կին ղեկավարն է: