Մոսկվան Կիևին կապիտուլյացիայի վերջնագիր է ներկայացնում. Զելենսկին Պուտինի մոտ չի գնա. Ուկրաինայի ԱԳ նախարար

Մանրամասներ
ա

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան nv.ua կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին, թե արդյոք հնարավոր է չեզոք կարգավիճակ Ուկրաինայի համար, և ինչպես է Արևմուտքը գնահատում Կիևի՝ հաղթելու հնարավորությունները:

Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հավանականության մասին՝ Կուլեբան նշել է, որ հանդիպման գաղափարը նորություն չէ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում, կամ նույնիսկ ավելին, մենք այս մասին խոսում էինք միայն Դոնբասում իրավիճակի հանգուցալուծման, իսկ այժմ արդեն խոսում ենք պատերազմի ակտիվ փուլի ավարտի համատեքստում։ Նման հանդիպման նախապատրաստական աշխատանքները վաղուց են ընթանում։ Տրամաբանությունը շատ պարզ է՝ եթե Ռուսաստանում ամեն ինչ որոշում է Պուտինը, ապա այսպես, թե այնպես Պուտինի հետ Է պետք բանակցել։ Միևնույն ժամանակ, ես չեմ կասկածում, որ դա սկզբունքային խոսակցություն է լինելու։ Դուք բոլորդ տեսնում եք նախագահ Զելենսկու գործողությունները, նրա խոսքերը, ուստի ոչ ոք չի գնա նման հանդիպման՝ հանձնվելու համար։ Նախագահն այժմ շատ ուժեղ դիրքերում է, և նման հանդիպմանը նա կխոսի ուժեղ դիրքերից»,-ասել է Կուլեբան:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան իսկապես կարող է չեզոք կարգավիճակի համաձայնվել անվտանգության երաշխիքների դեպքում, ԱԳ նախարարը նշել է.«Ռուսաստանը մի շարք պահանջներ ունի Ուկրաինայի նկատմամբ: Դրանք ըստ էության կապիտուլյացիայի վերջնագիր են: Մենք մերժում ենք այս մոտեցումը, ցանկանում ենք բանակցություններ, որոնց շրջանակներում կգտնվեն հավասարակշռված լուծումներ։

Այժմ Ուկրաինան կենտրոնացած է բանակցային գործընթացի ընթացքում սահմանելու վրա, թե ինչ անվտանգության երաշխիքներ է պատրաստ Ռուսաստանի Դաշնությունը տրամադրել Ուկրաինային, ինչպես նաև այլ պետություններին, առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին։ Երբ հասկանանք, թե անվտանգության ինչ երաշխիքների մասին է խոսքը, կկարողանանք որոշել, թե որտեղ է լինելու մեր կառուցողական քայլը։ Ես հիմա չէի սկսի խոսել չեզոքության կամ որևէ այլ ոլորտի մասին, այլ կխոսեի այն մասին, թե ինչպես է Ուկրաինան ստանալու անվտանգության երաշխիքներ և ինչպիսին կլինեն դրանք։ Չեզոքությունն ինքնին խնդրի լուծում չէ։ Լուծումը անվտանգության երաշխիքներն են»:

Կուլեբան նաև հավելել է, որ եթե Արևմուտքի ջանքերը կենտրոնացած լինեն երեք ուղղությունների վրա՝ զենք Ուկրաինայի համար, պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և ֆինանսական աջակցություն Ուկրաինային, ապա Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել այս պատերազմը։