Բնապահպանության նախկին նախարար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը գտնվում է Հայաստանում։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ասաց Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:
Վերջինս նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են Հարությունյանին լքել Հանրապետությունը:
«Նման խնդիր եղել է, պարոն Հարությունյանը օրինական կարգով՝ իր կնոջ բուժման նպատակով ցանկացել է մեկնել երկրից, սակայն ապօրինաբար, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առանց որեւէ իրավական հիմքի սահմանային անցակետերում արգելվել է վերջինիս ելքը Հանրապետությունից»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել է ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ:
«Որոշումը նոր ենք ստացել և դեռ պետք է ծանոթանանք»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ Արամ Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ որոշումը միանշանակ բողոքարկելու են:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
0Comments