Փաշինյանը Ղազախստանի հետ կապված հարցերում միայն կատարել է իրեն վերապահված դերը և ոչ մի կարեւոր որոշում չի կայացրել։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին։
Ըստ բանախոսի՝ Ղազախստանում զգալի աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնց վրա Փաշինյանը ոչ մի կերպ չի կարող ազդել։ «Նույնիսկ հայ խաղաղապահներ ուղարկելու որոշումը, վստահ եմ, նրա կողմից չի կայացվել։ Ֆորմալ կերպով նա է հրաման տվել, բայց մենք բոլորս հիանալի հասկանում ենք, թե իրականում ով է կայացրել որոշումները»,- ասել է Մուրազին։
Նա համոզված է, որ Ղազախստանը կգնա Բելառուսի ճանապարհով եւ Ռուսաստանի հետ համաձայնագիր կկնքի Միութենական պետության ընդլայնման մասին. «Սա, իմ կարծիքով, Ռուսաստանի կողմից փափուկ ուժի կիրառման նոր մեթոդ է, որին հաջորդում է ռազմական միջամտությունը։ Այս մեթոդը թույլ կտա իրենց վերահսկողության տակ վերցնել նշված տարածաշրջանը, եւ, իմ գնահատմամբ, տեղի ունեցավ մի բան, որը պետք է տեղի ունենար։ Մի խոսքով, գործ ունենք ռուսական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող օպերացիայի հետ։ Այն նպատակ ուներ հեռացնել հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, ով հավատարիմ էր պանթուրքիզմի գաղափարախոսությանը»,- կարծում է Բորիս Մուրազին:
Բախումներն, ըստ նրա, տեղի են ունեցել Ալմաթիում։ «Ռուսները, թերեւս, փորձում էին այնպես անել, որպեսզի անկարգությունները, հնարավորության դեպքում, քաղաքից դուրս չգան եւ չտարածվեն երկրի այլ շրջաններում։ Նրանք փորձում էին տեղայնացնել բողոքի տրամադրությունները։ Հավանաբար սա է պատճառը, որ ամենակատաղի բախումները տեղի են ունեցել Ալմաթիում»։
0Comments